ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լսողության խնդիրներ կորոնավիրուսից հետո

01 Օգոստոս, 2020

Մանչեսթերի համալսարանի գիտնականները լսողության հետ կապված խնդիրներ են հայտնաբերել կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց մոտ։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է "American Journal of Otolaryngology" գիտական պարբերականում։

Փորձագետները հետեւել են կորոնավիրուսով 121 հիվանդի վիճակին, որոնցից 16-ը հայտարարել են լսողության վատթարացման մասին: Նրանք խնդիրներ են ունեցել հիվանդանոցից դուրս գրվելուց երկու ամիս անց ։

Հետազոտողները ընդգծել են, որ այլ վիրուսներ ևս՝ ինչպիսիք են կարմրուկը, համաճարակային պարոտիտը եւ մենինգիտը կարող են դառնալ լսողության վատթարացման պատճառ: Նշվում է, որ դա կարող է կապված լինել լսողական նյարդաբանության հետ, որի դեպքում խախտվում է ուղեղում լսողական նյարդի ազդանշանների փոխանցումը:

Սակայն գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաեւ սթրեսը եւ վարակի դեմ կիրառվող դեղամիջոցները:

Ավելի վաղ շվեդական Ուպսալի համալսարանից բժիշկ Էմիլի Հոլմսը նախազգուշացրել էր, որ կորոնավիրուսի պանդեմիան ազդեցություն ունի մարդկանց հոգեկան առողջության վրա: Բժիշկների խոսքով ՝ համաճարակի պայմաններում հոգեկան ներգործության են ենթարկվում հատկապես տարեցներն ու երեխաները, իսկ քանի որ մարմինն ու հոգեկանը կապված են միմյանց հետ, բժիշկները պետք է աշխատեն բուժման նոր ձեւերի վրա, որոնք հաշվի են առնում այդ փաստը:


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ