ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բժիշկները կորոնավիրուսի և վահանաձև գեղձի բորբոքման միջև կապ են գտել

22 Մայիս, 2020

COVID-19 հիվանդության հարուցիչ
կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 տեսակը կարող է հանգեցնել ենթասուր թիրոիդիտի՝ վահանաձև գեղձի բորբոքման։ Այս մասին ասվում է Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում հրապարակված իտալացի բժիշկների հոդվածում, որտեղ նկարագրվում է առաջին նման դեպքը։

Ենթասուր թիրոիդիտը վահանաձև գեղձի բորբոքային հիվանդություն է, որին բնորոշ է պարանոցի ցավը, ինչին, սովորաբար, նախորդում է վերին շնչուղիների վարակը։ Այն կարող է առաջանալ վիրուսային վարակով կամ հետվիրուսային բորբոքային ռեակցիայով։

«Մենք հայտնել ենք ենթասուր թիրոիդիտի առաջին դեպքի մասին՝ SARS-CoV-2 վարակից հետո։ Մենք զգուշացնում ենք բժիշկներին հավելյալ և չգրանցված կլինիկական դրսևորումների մասին՝ COVID-19-ի հետ կապված»,-ասվում է հոդվածում։

Ինչպես հայտնում է ria. ru-ն՝ հեղինակները նկարագրում են վահանաձև գեղձի բորբոքման դեպք՝ COVID-19 տարած 18֊ամյա աղջկա մոտ։ Նա վարակվել է նոր կորոնավիրուսային վարակով՝ հոր հետ կոնտակտից հետո։ Աղջկա մոտ նկատվել են միջին ծանրության ախտանիշներ՝ հարբուխ և հազ, բայց արդեն մի քանի օր անց նա լիովին ապաքինվել է։ COVID-19 -ի դեմ կրկնակի անցկացրած թեսթերը բացասական արդյունք են ցույց տվել։

Այնուամենայնիվ, մի քանի օր անց նրա մոտ առաջացել են այլ ախտանիշներ՝ մասնավորապես բարձր ջերմություն, պարանոցի ցավեր, հետազոտման արդյունքում նկատվել են արագ սրտխփոց և ցավոտ ու մեծացած վահանաձև գեղձ։

Լաբորատոր հետազոտություններով վահանաձև գեղձի T4 և T3 հորմոնների մակարդակը, ինչպես նաև բորբոքման նշաններն ու լեյկոցիտների քանակը արյան մեջ բարձր են եղել։

Ընդ որում, մեկ ամիս առաջ տեղի ունեցած հետազոտման ժամանակ վահանաձև գեղձի ֆունկցիաները և վիզուալիզացիան նորմայի մեջ են եղել։ Աղջկան տրվել է «ենթասուր թիրոիդիտ» ախտորոշում։

«Ժամանակագրական կապի պատճառով ենթասուր թիրոիդիտի առաջացման պատասխանատու կարող է համարվել SARS-CoV-2- ը»,
-եզրափակում են հոդվածի հեղինակները։

Նշվում է , որ 2002-2003թթ. ՝ SARS-CoV կորոնավիրուսի բռնկման ժամանակ, որոշ պացիենտների մոտ դիահերձման պահին ևս հայտնաբերվել է վահանաձև գեղձի բորբոքում, սակայն կորոնավիրուսային վարակը երբեք չի կապվել ենթասուր թիրոիդիտի հետ։
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ