ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիահայ ճանաչված սրտային վիրաբույժ Լևոն Խաչատրյան. «Իզմիրլյան» ԲԿ-ի հետ հայ-ֆրանսիական համագործակցությունը կունենա շարունակական բնույթ

22 Փետրվար, 2021

Համագործակցության շրջանակներում իրականացվել են մասնագիտական խորհրդատվություններ՝ վիրավոր զինվորներին, ինչպես նաև այն քաղաքացիներին, ովքեր ունեն հետվիրահատական բուժման անհրաժեշտություն։


Համագործակցությունը ձևավորվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի հրավերի արդյունքում։ Այս ծրագրի կազմակերպիչ և պատասխանատու է նշանակվել նույն կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Ամալյա Գևորգյանը։


Համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի ու նպատակների մասին Doctorsnet.am-ը զրուցել է Ֆրանսիայի Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սրտային վիրաբույժ, հայազգի ճանաչված մասնագետ Լևոն Խաչատրյանի հետ։

«Պրոֆեսոր Չարչյանի հրավերով այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ, ծանոթացանք իր, իր թիմի և հիվանդանոցի հետ։ Մեզ դուր եկավ հիվանդանոցը։ Զրուցեցինք մի քանի կետերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, կոնկրետ ու անհրաժեշտ հարցադրումներ են։ Խոսքը տարբեր վիրաբուժական բնագավառներում վիրաբուժական ճյուղերի մասին է։ Դրանց շուրջ էլ որոշեցինք ձևավորել համագործակցությունը»,֊ պատմեց բժիշկը։

Նրա խոսքով՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի հետ կան շարունակական բնույթ կրող համագործակցության պլաններ. «Սա արդեն, ըստ էության, 3-րդ այցն է «Իզմիրլյան» ԲԿ։

Կոնկրետ այս այցի շրջանակներում իրականացրել ենք ուրոլոգիական ծրագիր, որն իրենից ներկայացնում է օնկոլոգիական վիրահատություններ՝ լապորոսկոպիկ եղանակով։

Դրանք դեռևս Հայաստանում լայն ճանաչում չունեն, մասնակի են կիրառվում։

Ինձ հետ եկավ պրոֆեսոր Միքայել Պերոմովը, ով արդեն մի քանի վիրահատություն է իրականացրել տեղի բժիշկների հետ»։

Համագործակցության շրջանակներում հետագա այցերի ժամանակ ևս նոր վիրահատություններ կատարելու պայմանավորվածություն կա։

«Իզմիրլյան» ԲԿ-ի բազայի վրա կձևավորվի ուսուցողական պրոցես, որում կարող են ներգրավվել ոչ միայն ԲԿ-֊ի բժիշկները, այլ նաև Հայաստանի այլ հիվանդանոցների բժիշկներ, ովքեր այդ բնագավառում գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն ունեն։

Այս ընթացքում բժիշկը հանդիպումներ է ունեցել նաև հետվիրահատական բուժման կարիք ունեցող բազմաթիվ զինվորների հետ։

«Կան նույնիսկ զինվորներ և սպաներ, ում հետ մենք արդեն գրեթե ընկերական ու բարեկամական հարաբերություններ ունենք։ Նրանք վիրահատվել են, տարբեր ընթացքներ կան։ Ընդհանուր առմամբ, դեռևս կան շատ զինվորներ, ովքեր վիրահատվելու կարիք կունենան», - պատմեց նա։

Անդրադառնալով ներկայումս Հայաստանի առողջապահական համակարգի վիճակին և այն հարցին, թե ինչպիսի՞ն կցանկանար այն տեսնել՝ բժիշկը նկատեց. «Իմ ցանկությունը վերաբերվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև նույնիսկ Ֆրանսիայի առողջապահական համակարգին։

Կարծում եմ, հնուց եկած համակարգային լրջագույն խնդիրներ կան, որոնց շուրջ ավելի շատ կոսմետիկ մոտեցումներ են ցուցաբերվում, քան արմատական։ Կարծում եմ դրանց խնդիրն այն է, որ համեմատաբար սահմանափակ հնարավորություններով երկիր ենք»։

Այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց բժիշկը նկատել է. «Առանձին բժիշկների, ԲԿ-ների մասին կարող եմ ասել, որ շատ բաներ կան, որ նույնիսկ ավելի լավ են, քան Ֆրանսիայում։ Օբյեկտիվորեն մենք շատ հարցերում ավելի խելացի ու կազմակերպված ենք, քան Ֆրանսիայի նման զարգացած երկիրը։ Բայց, ամեն դեպքում, եթե մի օր առողջապահական համակարգն ավելի մեծ ֆինանսավորում ունենա, կարծում եմ, իր առջև ծառացած խնդիրներին ավելի լուրջ լուծումներ տալու հնարավարություն կունենա»։


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ