ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ նյարդաբան Սամսոն Խաչատրյանը դարձել է հեղինակավոր Epilepsy & Behavior ամսագրում տպագրված հոդվածի համահեղինակներից մեկը

21 Փետրվար, 2021

«Complementary and alternative medicine in epilepsy: A global survey of physicians’ opinions» («Հավելյալ եւ այլընտրանքային բժշկությունը էպիլեպսիայում. Բժիշկների կարծիքի գլոբալ հետազոտություն») հետազոտության նպատակն էր հասկանալ, թե որքանով է հավանական, որ բժիշկները էպիլեպսիայով պացիենտներին կարող են խորհուրդ տալ բուժման «այլընտրանքային» մեթոդներ, ինչպիսին են հոմեոպաթիան, առոմաթերապիան, յոգան, ասեղնաբուժությունը, մեդիտացիան, հիպնոսը եւ այլն:

«Արտասահմանցի կոլեգաների՝ մասնավորապես ԱՄՆ Ջեֆերսոնի Համալսարանի էպիլեպսիայի համապարփակ կենտրոնի և Իրանի Շիրազի էպիլեպսիայի համալսարանական կենտրոնի Պրոֆեսոր Ալի Ասադի-Պույայի հրավերով աշխարհի տարբեր ծայրերում փորձեցինք հասկանալ, թե էպիլեպսիայով հիվանդներին վարող բժիշկները ինչպես են վերաբերում այսպես կոչված այլընտրանքային կամ հավելյալ բժշկությանը։ Ի՞նչ տեղ կարող է այն ունենալ կոնվենցիոնալ կամ տրադիցիոն (չշփոթել ժողովրդականի հետ) բժշկության, մասնավորապես էպիլեպտոլոգիայի մեջ։ Գուցե որոշ ուղղություններ իրոք օգնում են էպիլեպսիայով պացիենտներին, գուցե որոշ ուղղություններ հետագայում կհավելեն էպիլեպսիայի բուժման մեր զինանոցը», - նշեց Սամսոն Խաչատրյանը։

Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ որպես իրենց երկրների կոորդինատորներ հետազոտությանը մասնակցել են ներկայացման կարիք չունեցող հեղինակավոր մասնագետներ, իսկ հոդվածը տպագրվել է հեղինակավոր Epilepsy & Behavior գիտական հանդեսում (IF: 2.508), ինչը նշանակում է, որ խնդիրը բավականին արդիական է, եւ ժամանակն է ավելի լավ հասկանալ «այլընտրանքային» մեթոդները եւ գուցե դրանցից որոշները բերել ապացուցողական դաշտ։

Հղումով կարելի է անվճար ներբեռնել հոդվածի վերջնական տարբերակը մինչ ապրիլի 9-ը, որից հետո հոդվածը կլինի վճարովի.

https://authors.elsevier.com/c/1cbts_YhvkVEnb

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ