ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Ինչ պետք է իմանալ անպտղության մասին

19 Սեպտեմբեր, 2020

Doctorsnet.am-ի զրուցակիցն է Իսրայելական BIRTH IVF Center-ի գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ, Բ.Գ.Թ. Արմինե Սայադյանը, ում հետ հարցազրույցի ընթացքում փորձել ենք բացահայտել անպտղության պատճառները, դրանց գրագետ լուծումներ տալու ժամանակակից մոտեցումներն ու կանխարգելման եղանակները։

Մասնագետը հիշեցնում է, որ զույգի անպտղության պատճառներն ախտորոշելու համար համալիր հետազոտության պետք է ենթարկվի ինչպես կինը, այնպես էլ տղամարդը:

Ո՞ր դեպքում է զույգը համարում անպտուղ։ Ե՞րբ դիմել բժշկի։

Զույգի մոտ անպտղություն է ախտորոշվում` մեկ տարի առանց հակաբեղմնավորիչների կիրառման կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում հղիության բացակայությունը: Իսկ 35-ից բարձր տարիքի կանանց մոտ այդ ժամանակահատվածը կրճատվում է մինչև 6 ամիս: Անպտղության գանգատով հետազոտման և բուժման նպատակով բժիշկի պետք է դիմել մեկ տարի, իսկ 35-ից բարձր տարիքի կանանց դեպքում, ինչպես նշեցի՝ 6 ամիս անց: Սակայն լինում են դեպքեր, երբ պատճառը ակնհայտ է և կարիք չկա սպասելու:

Արյդո՞ք կան շեղումներ, որոնք գալիս են մանկությունից:

Մանկական հասակում կրած և առհասարակ ինֆեկցիոն և որոշ այլ հիվանդությունները, փոքր կոնքի խոռոչի վիրահատական միջամտությունները կարող են պատճառ դառնալ նեյրո-էնդոկրին խանգարումների, կպումային պրոցեսի և արգանդափողերի անցանելիության խանգարման, որոնք էլ կարող է բերել անպտղության: Որոշ դեպքերում անպտղությունը կնոջ վերարտադրողական համակարգի բնածին անոմալիաների հետևանք է:

Շատ կարևոր է հետևել աղջկա առողջական վիճակին և հատկապես դաշտանային ֆունկցիային, իսկ շեղումների դեպքում անմիջապես դիմել մասնագետի՝ հետագայում մանկածնման ֆունկցիայի հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

Կա արդյո՞ք այնպիսի մի հետազոտություն, որով կարելի է հասկանալ անպտղության պատճառը: Ո՞ր հետազոտություններից պետք է սկսել:

Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ անպտղության դեպքում անպայման պետք է հետազոտվի զույգը՝ և տղամարդը և կինը:

Կոնկրետ մեկ հետազոտությամբ հնարավոր չէ պարզել անպտղության պատճառը: Նախ, անհրաժեշտ է ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ զույգի կյանքի անամնեզին, շատ հաճախ հենց այստեղ էլ թաքնված է լինում այն բանալին, որն օգնում է բժիշկին ընտրել հետազոտման և բուժման ճիշտ ուղղությունը: Իսկ թե որ հետազոտություններից պետք է սկսել, որոշում է բժիշկ- ռեպրոդուկտոլոգը՝ յուրաքանչյու զույգի համար անհատական:

Անպտղությունը շտկելու համար առաջանում է արդյոք վիրահատական միջամտության կարիք:

Այո՛, հաճախ անպտղության բուժման ճանապարհին կարիք է լինում վիրահատական միջամտություն՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում:

Կանանց անպտղության որոշ դեպքերում բավականին մեծ հաջողությամբ կիրառվում է լապարոսկոպիկ մեթոդը՝ արգանդափողերի անցանելիության վերականգնման, միոմատոզ հանգույցների և ձվարանների գոյացությունների հեռացման, պոլիկիստոզ ձվարանների դեպքում դրիլլինգի նպատակով, ինչպես նաև հիստերոսկոպիան՝ արգանդի խոռոչի պաթոլոգիաների դեպքում: Ներկայումս կիրառվում է նաև ֆերտիլոսկոպիան, որը որոշ դեպքերում փոխարինում է լապարոսկոպիային և ավելի քիչ ինվազիվ մեթոդ է:

Այսօր արդեն գոյություն ունի վերարտադրողական վիրաբուժություն՝ նեղ մասնագիտությունը, որը հենց զբաղվում է անպտղության խնդիրներով:

Քրոնիկ բորբոքային հիվանդությունները և հորմոնալ խանգարումները կարո՞ղ են անպտղության պատճառ հանդիսանալ:

Միանշանակ այո՛, և սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդությունները և հորմոնային խանգարումները հանդիսանում են անպտղության հիմնական պատճառները:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ