ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Ժպիտը զարդարում է մարդուն։ Անկեղծ ժպիտը միշտ էլ դրական հույզեր է արթնացնում

05 Օգոստոս, 2020

Ինչպես պահել ժպիտը լայն , անկաշկանդ ու առողջ ։ Խորհուրդ է տալիս մասնագետը։

Գրեթե յուրաքանչյուր մարդու մոտ «ատամնաբույժ» բառը ասոցացվում է բացառապես ատամների բուժման հետ։ Մենք այնքան սովոր ենք այս երկու բառերի համադրությանը, որ մոռանում ենք, որ բերանի խոռոչում կան նաեւ այլ հյուսվածքներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Մասնավորապես լնդերը փափուկ լորձաթաղանթն են, որոնք ծածկում են ծնոտոսկրն ու ատամները ։ Հաճախ դրանք ցավում են և բորբոքվում, ինչը շատերին փակուղու մեջ է դնում ։

Որքանո՞վ է նման վիճակը վտանգավոր։ Ինչպե՞ս պահել ատամներն առողջ, որքանո՞վ են վտանգավոր լնդային հիվանդությունները և ինչպե՞ս հասկանալ, երբ է հարկավոր դիմել մասնագետի:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք բժիշկ-պարօդոնտոլոգ Արմինե Թոռունյանի հետ։

Ինչպիսի՞ն են լինում լնդերի հիվանդությունները, ինչպե՞ս են դրանք արտահայտվում։

- Գոյություն ունեն լնդերի հիվանդության մի քանի փուլեր։ Նախնական փուլը կոչվում է գինգիվիտ՝ լնդերի բորբոքում։ Այս փուլում կարող է լնդերից արյունահոսություն նկատվել։ Լնդերը գուցե արյունահոսեն ատամները խոզանակով կամ ատամնաթելով մաքրելիս կամ էլ առանց որևէ ակնհայտ պատճառի։ Արյունահոսություն հնարավոր է սկսվի նաև բժշկի զննության ժամանակ։ Սա նույնպես գինգիվիտի նշան է։

Հիվանդության հաջորդ փուլը պարոդոնտիտն է։ Պարոդոնտիտի ժամանակ սկսում են քայքայվել ատամի հենարանային համակարգի մաս կազմող ոսկրային և լնդային հյուսվածքները։

Այս փուլում գուցե ախտանշաններ չլինեն այնքան ժամանակ, մինչև որ հիվանդությունը չխորանա։ Պարոդոնտիտի հավանական նշաններից են լնդագրպանիկների առկայությունը, ատամների շարժունությունը, միջատամնային ճեղքերը, տհաճ հոտը, լնդերի արյունահոսությունը և լնդերի հետքաշումը (լինդը հեռանում է ատամից, ինչի հետևանքով ատամներն ավելի երկար տեսք են ունենում)։

Որո՞նք են այն պատճառները, որ նպաստում են պարադոնտիտի առաջացմանը։

-Լնդերի հիվանդությունների հիմնական պատճառը ատամնափառն է՝ բակտերիալ շերտը, որը պարբերաբար գոյանում է ատամների վրա։ Ատամնափառը չմաքրելու դեպքում՝ մանրէները կարող են լնդերի այտուցվածություն առաջացնել։ Երբ այս պրոցեսը շարունակական բնույթ է կրում, լնդերը սկսում են հեռանալ ատամից, ինչի արդյունքում բակտերիալ շերտը գոյանում է նաև լնդի տակ։

Մանրէներն էլ թափանցելով այդ հատված՝ առաջացնում են բորբոքային պրոցեսը, որը քայքայում է ոսկրային և լնդային հյուսվածքները։

Լնդեզրից վերև կամ լնդի տակ եղած ատամնափառը վերածվում է ատամնաքարերի ։ Ատամնաքարերի վրա նույնպես մանրէներ կան , և քանի որ այդ քարերը շատ կարծր են ու ամուր են կպած ատամին, դրանք մաքրելը այնքան հեշտ չէ, որքան ատամնափառը մաքրելը։ Այդ իսկ պատճառով մանրէները շարունակում են վնասել լնդերը։

Նման իրավիճակը շատ արագ կարող է պարադոնտիտ առաջացնել։

Ուրիշ ի՞նչ գործոններ կարող են լնդերի բորբոքման պատճառ դառնալ։

-Լնդերի հիվանդություններ առաջացնող այլ պատճառներից է էլ բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, թույլ իմունային համակարգը, վիրուսային հիվանդությունները, սթրեսը, շաքարային դիաբետը, խմիչքի չարաշահումը, ծխախոտը և հղիության հետ կապված հորմոնալ փոփոխությունները։

Լնդային հիվանդություններն ինչպե՞ս են ախտորոշվում, դրանք հնարավոր է լիարժեք բուժել։

-Սկզբնական փուլերում լնդային հիվանդությունը ավելի հեշտ է բուժվում, և հնարավոր է վերականգնել նրանց նախկին առողջ վիճակը։ Հիվանդության խորանալուն զուգընթաց, երբ առաջանում է պարոդոնտիտ, ապա անհրաժեշտ է կանգնեցնել այն և թույլ չտալ, որ վնաս հասցնի ոսկրին և հարատամնային մյուս հյուսվածքներին, որոնք պաշտպանում են մեր ատամները։

Ատամնաբույժներն կիրառում են հատուկ գործիքներ, որոնց միջոցով հեռացվում են վերլնդային և ստորլնդային ատամնափառն ու ատամնաքարերը։

Ատամբաբույժի այցելե չկարողանալու դեպքում՝ լնդային հիվանդության վտանգը հնարավորինս կնվազեցնեք, եթե կանխեք այն։ Կանխելու լավագույն միջոցն էլ բերանի խոռոչի ճիշտ և կանոնավոր խնամքն է։

Ի՞նչ դժվարություններ կարող են լինել լնդերի հիվանդությունների դեպքում։

-Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բերանի խոռոչի հիվանդությունները անմիջականորեն անդրադառնում են մարդու առողջական ընդհանուր վիճակի վրա։ Լնդերի հիվանդությունը կարող է շատ դժվարություններ առաջացնել։ Ատամների կորստի և բերանի խոռոչում եղած ցավի պատճառով դժվար է լինում սնունդ ծամելը, մարդը հաճույք չի ստանում ուտելուց։ Դա վատ է անդրադառնում նաև նրա խոսքի և արտաքին տեսքի վրա։

Բերանի հիգիենան ճիշտ կազմակերպելու ի՞նչ խորհուրդներ կտաք մեր ընթերցողին։

-Ատամները մաքրեք օրվա մեջ առնվազն երկու անգամ։ Ոմանք գուցե ավելի հաճախ մաքրեն՝ ամեն անգամ, երբ ինչ-որ բան ուտեն։

Օգտագործեք փափուկ մազիկներով խոզանակ։ Ատամները խոզանակեք ուղղահայաց մեղմ շարժումներով՝ արմատից դեպի ծայրը։

Օգտագործեք նաև ատամնաթել կամ անհրաժեշտության դեպքում հատուկ ձև ունեցող ատամի խոզանակ,ատամի փայտիկ, որոնցով հնարավոր է մաքրել ատամների արանքները։

Հետևեք ձեր բերանի խոռոչի ու ատամների առողջությանը և ժպտացեք։



ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ