ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Հարցազրույց գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ, բ.գ.թ. Արմինե Գագիկի Սայադյանի հետ

09 Դեկտեմբեր, 2019

Ո՞րն է համարվում ռեպրոդուկտիվ տարիք, ե՞րբ է ախտորոշվում անպտղություն, արդյո՞ք անպտղությունը փոխանցվում է գեներով.. Այս և այլ հարցերի շուրջ  Doctorsnet.am-ը   զրուցել է գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ, բ.գ.թ. Արմինե Գագիկի Սայադյանի հետ:

Ռեպրոդուկտիվ տարիք- որն է համարվում, մի քիչ մանրամասնեք:

 – Ռեպրոդուկտիվ, վերարտադրողական կամ գեներատիվ տարիքը դա տղամարդու համար բեղմնավորելու ընդունակ տարիքն է, իսկ կնոջ համար այն տարիքը, երբ կինը կարող է իրականացնել մանկածնման ֆունկցիան, այսինքն հղիանալ և ծննդաբերել: Սովորաբար կնոջ համար վերարտադրողական տարիք համարվում է 15-49 տ: Սակայն մանկածնման ֆունկցիան իրականացնելու համար առավել օպտիմալ տարիքը դա 20-35 է:

Կանոնավոր սեռական կյանքով ապրելու և չհղիանալու դեպքում որքա՞ն ժամանակ անց է ախտորոշվում անպտղություն:

 – Նախկինում զույգի մոտ անպտղություն ախտորոշվում էր 2 տարի առանց հակաբեղմնավորիչների օգտագործման կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում հղիության բացակայության դեպքում: Վերջին տարիներին այդ ժամանակահատվածը կրճատվել է մինչև 1 տարի, իսկ 35-ից բարձր տարիքի կանանց համար այն կազմում է 6 ամիս:

Անպտղությամբ հիմնականում տառապում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

– Ըստ համաշխարհային վիճակագրության տվյալների, անպտղության դեպքերի 30-40% պայմանավորված է կանացի գործոններով, 30% -ը՝ տղամարդկային գործոններով, 20% դեպքերում անպտղության պատճառը համակցված է, իսկ մանցած 10-20% դեպքերում, երբ չի հաջողվում հայտնաբերել որևէ պատճառ, անպտղությունը համարվում է անհայտ ծագման: Այսպիսով, անպտղությունը դա զույգի խնդիրն է, այլ ոչ թե անհատական կնոջ կամ տղամարդու:  

Անպտղությունն արդյո՞ք փոխանցվում է գեներով, թե՞ դա ձեռքբերովի հիվանդություն է:

Ոչ, անպտղությունը ժառագաբար փոխանցվող հիվանդություն չէ: Այն կարող է լինել որոշ հիվանդությունների հետևանք, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն, օրինակ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը: Սակայն, եթե մայրը ունեցել է որոշակի դժվարություններ հղիանալու հետ կապված, կամ հղիությանը հասնելու համար կիրառվել են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ, դա չի նշանակում, որ աղջիկը/դուստրը ևս կունենա խնդիր վերարտադրողական ֆունկցիայի իրականացման հետ կապված: Դրա վառ օրինակն է Լուիզա Բրաունը, աշխարհում առաջին  երեխան փորձանոթից , որը արդեն ունի 2 բալիկ և հղիացել է բնական ճանապարհով, առանց բժշկական միջամտության և օժանդակ տեխնոլոգիաների կիրառման: 

Ժամանակակից բժշկության մեջ ի՞նչ մեթոդներ են կիրառվում այս խնդիրը լուծելու համար: 

– Այսօր անպտղության բուժման համար կիրառվող մեթոդները բազմազան են՝ կոնսերվատիվ, վիրահատական, և կախված են անպտղության պատճառից: Անխոս, այս խնդրի լուծման մեջ անփոխարինելի է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների դերը: Վերջիններիս կիրառումը թույլ է տալիս բավականին մեծ հաջողությամբ հաղթահարել անպտղությունը, բոլոր այն դեպքերում, որոնք նախկինում համարվում էին անբուժելի: Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին են պատկանում արհեստական սերմնավորումը,արտամարմնային բեղմնավորումն իր տարատեսակներով:

Նշեցիք, որ անպտղության բուժման ժամանակակից և ամենաարդյունավետ մեթոդներից մեկը արտամարմնային բեղմնավորումն է: Շատերը լսել են այս մեթոդի մասին, բայց չեն պատկերացնում: Եթե խնդրեմ մի փոքր կմանրամասնե՞ք: Ի՞նչ է արտամարմնային բեղնավորումը, ի՞նչ տարատեսակներ ունի: Եվ որոնք են այս մեթոդի կիրառման հակացուցումները:

 – Այո, արտմարմնային բեղմնավորումը այսօր համարվում է անպտղության բուժման ամենաարդյունավետ մեթոդը: ԱՄԲ-ն դա սերմնաբջջով ձվաբջջի բեղմնավորումն է կնոջ օրգանիզմից դուրս՝ լաբորատոր պայմաններում: ԱՄԲ-ի ցիկլից առաջ զույգը անցնում է համապատասխան հետազոտություններ: Դասական ԱՄԲ-ի ցիկը սկսում է ձվարանների վերահսկվող խթանումից, որի ընթացքում կինը ստանում է ձվազատումը խթանող դեղորայք, հիմնականում ներարկումների ձևով: Այս փուլում կատարվում է ՈւՁՀ և հորմոնալ հսկողություն: Հաջորդ փուլը դա ձվարանների պունկցիայի միջոցով ձվաբջիջների ստացումն է, որից հետո կատարվում է ստացված ձվաբջիջների բեղմնավորում ամուսնու/զուգընկերոջ սերմով լաբորատոր պայմաններում: Ստացված սաղմերը հատուկ միջավայրում աճում և զարգանում են 3-5 օրերի ընթացքում, որից հետո տեղափոխվում են արգանդի խոռոչ: ԱՄԲ հնարավոր է իրականացնել զույգի սեփական սեռաբջիջներով, կամ օգտագործել դոնորական սերմնաբջիջ կամ ձվաբջիջ՝ ըստ ցուցումների: ԱՄԲ տարատեսակներից է նաև փոխնակ մայրությունը, որի դեպքում ստացված սաղմերը տեղադրվում են փոխնակ մոր արգանդի խոռոչ: Փոխնակ մայրը, դա այն կինն է, որը կրում է գենետիկորեն ոչ իր սեփական երեխային: Ահա շատ հակիրճ ԱՄԲ փուլերի և տարատեսակների մասին: ԱՄԲ-ի համար հակացուցում կարող են հանդիսանալ բոլոր այն իրավիճակները և հիվանդությունները, որոնց դեպքում կնոջը հակացուցված է կրել հղիություն կամ ծննդաբերել: Այս դեպքերում հենց օգնության է հասնում փոխնակ մայրությունը, որի դեպքում կինը կարող է ունենալ գենետիկորեն իր սեփական երեխան:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում կապված կնոջ սոցիալական կարգավիճակի բարձրացման, կարիերայի աճի ձգտման հետ վերարտադրողական ֆունկցիան հետաձգվում է, հույս ունենալով/հավատալով, որ ավելի ուշ տարիքում հնարավոր է մայրանալ դիմելով վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը: Որքանով է ճիշտ և արդարացված  նման մոտեցումը:

– Նման մոտեցումը ճիշտ չեմ համարում և խորհուրդ չէի տա կանանց այդպիսի որոշում կայացնել: Համացանցում անընդհատ պտտվող նյութերը 50 և ավելի բարձր տարիքի կանանց մայրանալու վերաբերյալ պատճառ են հանդիսանում սխալ կարծիքի ձևավորման և ոչ լիարժեք ինֆորմացված որոշումներ կայացնելու համար: Եթե օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման դեպքում հղիության հավանականությունը մինչև 35 տարեկան կանանց խմբում կազմում է 40-45% (ըստ տարբեր աղբյուրների), ապա 40տ-ից հետո այն կազմում է 18% և 43տ-ից հետո, ընդամենը, 5-6%: Ուստի մանկածնման ֆունկցիան ցանկալի է իրականացնել մինչև 35 տ-ը և մտածված հետաձգել այն կարիերայի աճի նպատակով, համարում եմ անմիտ քայլ: Կնոջ կոչումը մայր լինելն է:

Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք զույգերին:

– Զույգերին խորհուրդ կտամ հետևել իրենց առողջությանը, խնդիրների դեպքում չխուսափել բժշկին դիմելուց: Անպտղության ախտորոշման դեպքում չհուսահատվել, չմեղադրել միմյանց, որին հաճախ ականատես ենք լինում, այլ համատեղ պայքարել նույն նպատակի համար: Սիրեք միմյանց, միայն այդ գեղեցիկ զգացմունքն է ի զորու հաղթահարել ամեն դժվարություն: Այդ գեղեցիկ զգացմունքից են ծնվում և սիրով լցված ընտանիքներում են մեծանում առողջ երեխաներ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ