ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի, ամենատարածված լնդային հիվանդություններն ու դրանց հետևանքները

25 Հունիս, 2021

Բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի, ամենատարածված լնդային հիվանդությունների ու դրանց հետևանքների մասին Doctorsnet.am -ը զրուցել է բժիշկ֊պարօդոնտոլոգ Արմինե Թոռունյանի հետ։


-Բժշկուհի, որո՞նք են ամենատարածված լնդային հիվանդությունները և ի՞նչ գործոններ են նպաստում դրանց առաջացմանը։


-Ամենատարածված լնդային հիվանդություններն են գինգիվիտը և պարօդոնտիտը։ Դրանց առաջացմանը հիմնականում նպաստում են ատատմնաքարերի առկայությունն ու բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենան։


-Որո՞նք են լնդերի հիվանդությունների ամենատարածված ախտանիշները. ինչպե՞ս մարդը կարող է հասկանալ, որ ունի նման խնդիր։


-Լնդային հիվանդությունների ամենատարծված ախտանիշներից են լնդերի այտուցվածությունը, լնդատամնային կպման խախտվածությունը։ Շատ վտանգավոր է լնդերի արյունահոսությունը։ Բարդացած իրավիճակներում կարող է նկատվել նաև ատամների շարժ ու կորուստ։


-Ո՞րն է լնդերի հիվանդություններից ամենավտանգավորը, ի՞նչ լուրջ հետևանքներ կարող է այն ունենալ։


-Ամենավտանգավորն այն է, երբ սկսում են շարժվել ատամները, ինչը կարող է հանգեցնել նաև դրանց կորստի։


-Լնդերի արյունահոսությունը բավականին տարածված երևույթ է, ինչի՞ մասին այն կարող է վկայել։


-Լնդերի արյունահոսությունը կարող է լինել ոչ միայն տեղային ատամնաքարերի ու բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենայի արդյունք, այլև որոշակի հիվանդությունների հետևանք։ Այդ հիվանդություններից են շաքարային դիաբետը։ Կարող են նաև խախտումներ առաջանալ հղիության ժամանակ, որոնք կարող են ստանալ քրոնիկ բնույթ ու ավելի խորանալ։


-Հնարավո՞ր է լիարժեք բուժել լնդային հիվանդությունները։


-Այո, որոշ դեպքերում հնարավոր է հասնել լիարժեք բուժման, իսկ որոշ դեպքերում՝ հավանականությունն ավելի փոքր է։

Դա կախված է մի շարք գործոններից. տեղային, թե՞ ընդհանուր պատճառներով է զարգացել հիվանդությունը, ի՞նչ փուլում է սկսվել բուժումը։ Շատ կարևոր է նաև պացիենտի հետևողականությունը։ Հարկավոր է կանոնակարգված այցելել ստոմատոլոգի։ Մեծ դեր ունի նաև տնային ճիշտ խնամքը։


-Ինչպե՞ս կատարել բերանի խոռոչի հիգիենան՝ լնդերի հիվանդություններից, բորբոքումներից խուսափելու համար։


-Խնամքը ենթադրում է օրական 2 անգամ ատամների լիարժեք և երկար մաքրում, ատամնաթելերի օգտագործում։ Բարդացած իրավիճակներում նշանակվում են նաև ատամնային մանր խոզանակներ. սա կրում է անհատական բնույթ։ Խոզանակի չափսերի ընտրությունը կախված է

միջատամնային տարածությունից։ Խնամքի հարցում կարևոր են նաև բերանի խոռոչի ողողումները, ստոմատոլոգի այցելելը։


-Ի՞նչ չի կարելի անել տնային պայմաններում՝ լնդային հիվանդությունների դեպքում։


-Լնդային հիվանդությունների դեպքում տնային պայմաններում կատեգորիկ կերպով չի կարելի օգտագործել ատամի փայտիկներ՝ որպես հիգիենայի հավելյալ միջոց։ Դրանք կարող են ավելի բարդացնել լնդատամնային կպումը, վնասել դրանք, ինչպես նաև խթանել մանրէների հոսքը։ Հարկավոր է օրական 2 անգամ մաքրել ատամները, օգտագործել ատամնաթել։ Բայց շատ հաճախ պացիենտները սխալ են օգտագործում ատամնաթելը, շատ կոպիտ են կպցնում լնդին և առաջացնում արյունահոսություն։ Դա պետք է բացառել։ Ատամները ճիշտ մաքրելու ու ատամնաթելի ճիշտ օգտագործման հարցում պարտադիր են ստոմատոլոգի ցուցումները։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ