ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Վիրաբույժի պատասխանատու որոշումը՝ բացառել վիրահատության անհրաժեշտությունը

06 Մարտ, 2021 Դիտվել է 2783 անգամ

Doctorsnet.am-ի զրուցակիցն է «Աջափնյակ» ԲԿ֊ի հիմնադիր տնօրեն, բ.գ.թ., ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Գրիգորի Մանուկյանը։


-Բժիշկ, ո՞ր խնդիրների/հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ դիմել լապարասկոպիկ վիրահատության և ինչպե՞ս նախապատրաստվել։


-Ներկայումս զարգացած երկրների հիվանդանոցներում լապարասկոպիկ եղանակով վիրահատությունները կատարվում են որովայնի խոռոչի գրեթե բոլոր օրգանների վրա, սակայն լապարասկոպիկ եղանակով առավել շատ կատարվում է լեղապարկի հեռացում, ձվարանների, արգանդի վրա վիրահատություններ, բարիատրիկ վիրահատությունները։


«Աջափնյակ» ԲԿ֊ում լապարասկոպիկ եղանակով կատարվում են լեղապարկի, որդանման ելունի, ձվարանների կիստաների, արգանդի, լյարդի բուշտերի հեռացում, ճողվացքների վիրահատություններ, հաստ աղու մասնահատում, բարիատրիկ (ճարպակալման) և բազմաթիվ այլ վիրահատություններ։ Քանի որ ԲԿ֊ում վիրաբույժները վարժորեն տիրապետում են լապարասկոպիկ բուժման եղանակին, գերադասում ենք որովյանի խոռոչի գրեթե բոլոր վիրահատությունների դեպքում կիրառել լապարասկոպիկ եղանակը։


-Ի՞նչ անել որովայնի ճողվածքների դեպքում. բուժման ո՞ր մեթոդն է առավել արդյունավետ։


-Ես երկար տարիներ աշխատել եմ Գերմանիայի Դաշնության այնպիսի հիվանդանոցում, որտեղ պատմականորեն ճողվածքների միջազգային ճանաչվածության վարպետներն են ուսուցանել և աշխատել, հետևաբար ճողվածքների վիրահատման եղանակներին «Աջափնյակ» ԲԿ֊ում նույնպես հմտորեն տիրապետում են։

Աճուկային, պորտային կամ հետվիրահատական ճողվածքների դեպքում մենք տիրապետում ենք վիրահատական տարբեր մեթոդների, որոնք, ըստ ճողվածքի տեսակի, մեծության, ձևի ունեն իրենց հստակ ցուցումները։


Վիրահատության արդյունավետությունը որոշում է վիրահատված ճողվածքի հետագա չկրկնվելու հավանակությունը։ Եթե վիրաբույժը կարող է պացիենտի համար ընտրել լավագույն վիրահատական եղանակը, ապա դա տալիս է պացիենտին վստահություն, որ փորձառու ձեռքերով կատարված վիրահատությունը երբևէ չի կրկնվի։ Մենք կիրառում ենք թե բաց եղանակով վիրահատական մեթոդներ՝ գործածելով եվրոպական առաջատար ընկերության պոլիպրոպիլենային ցանցերը, լավագույն կարանյութերը, թե լապարասկոպիկ եղանակը, որի դեպքում ցանցերը տեղադրվում են առանց կտրվածքի։ Իմ կարծիքով, ճողվածքներ վիրահատող վիրաբույժը պարտավոր է շատ լավ իմանալ մարդու անատոմիան և վարժ տիրապետել վիրահատական բոլոր արդիական եղանակներին։


-Ինչպե՞ս հասկանալ, որ որովայնի շրջանում առկա ցավը լուրջ խնդիրների պատճառ է։


-Որովայնի շրջանի ցավերը կարող են ունենալ վիրաբուժական հիվանդության կամ թերապևտիկ հիվանդության պատճառ, հետևաբար որովայնի ցավերի դեպքում պետք է դիմել վիրաբույժի, ով զննումից և հետազոտումից հետո կարող է ժխտել կամ հաստատել վիրահատության անհրաժեշտությունը։ Եթե վիրահատության կարիք, ըստ վիրաբույժի, չկա, ապա պացիենտին հետագայում պետք է զննի և հետազոտի թերապևտը։


Վիրաբույժի պատասխանատու որոշումը՝ բացառել վիրահատության անհրաժեշտությունը, ճակատագրական է և պարտավորեցնող, քանի որ որոշ դեպքերում միանշանակ պատասխանը՝ վիրահատել կամ ոչ, հնարավոր է տալ միայն պացիենտին հսկողության ներքո պահելով՝ պարբերաբար ընթացքին հետևելով։ Որովայնի ցավերի պատճառը բազմակի են՝ որդանման ելունի (ապպենդիցվիտից) բորբոքումից մինչև ստամոքսի թափածակումը։


-Ինչպե՞ս պայքարել ճարպակալման դեմ վիրահատական մեթոդներով։


«Աջափնյակ» ԲԿ֊ում մենք ակտիվ կիրառում ենք ստամոքսի sleeve resection եղանակը, որի ժամանակ ստամոքսի կորության չափով կատարվում է մասնահատում, որը տալիս է պացիենտին հնարավորություն կորցնել իր քաշը արագ և ընդմիշտ։ Վիրահատությունը կատարվում է լապարասկոպիկ եղանակով, իսկ պացիենտը մի քանի օր հետո գնում է տուն՝ հետևելով բժշկի խորհուրդներին։ Արդյունքը տեսանելի է դառնում շաբաթների ընթացքում։ Անշուշտ, նման վիրահատության համար անհրաժեշտ է լապարասկոպիկ բացառիկ հմտություններ, մեծ փորձ, հմուտ անձնակազմ և լավագույն սարքավորումների առկայություն։


«Աջափնյակ» ԲԿ֊ու գործում են նաև անհրաժեշտ հարակից ծառայությունները՝ լաբորատորիա, էնդոսկոպիկ ծառայություն, ճառագայթային ախտորոշման ծառայություն, թերապևտիկ տարբեր նեղ մասնագետներ, հետվիրահատական գերհագեցած բաժանմունք և այլն։



Ընդհանրապես, «Աջափնյակ» ԲԿ֊ում թե հարմարավետության, թե գների հարցում ստեղծված են հիանալի պայմաններ, որոնց շնորհիվ մեր պացիենտները կարող են վստահել իրենց բուժումը մեզ։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ