ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

«Հաջողության իմ գաղտնիքը․ Իմ երեք մասնագիտություններն են, որոնք տարբեր են, բայց իրականում լրացնում են միմյանց՝ լրագրող, քաղաքագետ և առողջապահության կազմակերպիչ».Ամալյա Գևորգյան

29 Նոյեմբեր, 2020

Doctorsnet.am -ի զրուցակիցն է «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, «Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումար» հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Գևորգյանը, ում հետ զրուցել ենք ինչպես աշխատանքային առօրյա գործունեության, մասնագիտական ձեռքբերումների, այնպես էլ նպատակների և երջանկության իր բանաձևի մասին։

-Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքն ակտիվություն և լրջություն է ենթադրում. հատկապես համավարակի այս փուլում ի՞նչ դժվարություններ կառանձնացնեք։

-Իզմիրլյան» ԲԿ-ն ունեցել է համավարակի բացասական թեստով, բայց թոքաբորբով պացիենտների բաժանմունք։ Մեզ մոտ բուժօգնություն են ստացել տարբեր բնագավառների մարդիկ, ովքեր ապաքինվել են շնորհիվ բժշկական մեր հաստատության արհեստավարժ բուժանձնակազմի։ Փառք Աստծո, մահացության դեպքեր չեն գրանցվել։

Մեծապես կարևորել ենք նաև համավարակի մասին իրազեկումն ու տեղեկացվածությունը մեր պաշտոնական կայքի, սոցցանցերիև հիվանդանոցում փակցված տարբեր թռուցիկների միջոցով։

-Ամեն օր բազմաթիվ մարդկանց հետ շփումը Ձեր աշխատանքի բաղկացուցիչ մասն է. ո՞րն է լավ ու ճիշտ հարաբերություններ կառուցելու հարցում Ձեր գլխավոր սկզբունքը կամ գաղտնիքը։

-Ես առաջին մասնագիտությամբ լրագրող եմ, երկրորդով՝ քաղաքագետ, իսկ երրորդ կրթությունը ստացել եմ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում։


Այո՛, առաջին հայացքից իմ 3 մասնագիտությունները շատ տարբեր են, բայց իրականում դրանք լրացնում են միմյանց՝ ինձ օգնելով թե՛ իմ աշխատանքում և թե՛ կյանքում։

Բնականաբար, մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքում կարևոր են շփումները տարբեր կառույցների հետ, ինչպես նաև կառուցողական, դիվանագիտական և էթիկական նորմերով հարաբերությունների հաստատումը։

-Որո՞նք են մամուլի և հասարակայնության հետ կապերի հարցում «Իզմիրլյան» ԲԿ-ի ռազմավարության առանձնահատկությունները։

-Երբ «Իզմիրլյան» ԲԿ-ում ստեղծվեց մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հաստիքը, ԲԿ-֊ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ հստակեցրինք մեր գործունեության առանձնահատկությունները և նրբությունները։

Մեր խնդիրը ոչ միայն լրատվամիջոցների, հասարակության և տարբեր ՀԿ-երի հետ շփում ստեղծելն էր ու համագործակցելը, այլ նաև հետադարձ կապի պահպանումը, քանզի մենք մշտապես կարևորել ենք դրսի հայացքն ու կարծիքը։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ մեր փոխգործակցության արդյունքում համատեղ բազում ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ մեր ժողովրդի առողջության վերականգնման և պահպանման։

Իհարկե, մամուլի և հասարակության հետ շփումը տարբեր երևույթներ են։

Մենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող կառույց ենք, ինչը ենթադրում է առավել պատասխանատվություն և ուշադրություն։ Անցնող տարիների ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ իրականացրել ենք բազում բարեգործական և սոցիալական ծրագրեր։

-Ամենակարևոր ու արժեքավոր բանը, որ «Իզմիրլյան» ԲԿ-ը տվել է Ձեզ։

-Ինձ համար գերագույն հաճույք և մեծ պատիվ է աշխատել մի կառույցում, ուր իշխում են պրոֆեսիոնալիզմն ու ջերմ մթնոլորտը։ Մեր բժշկական հաստատությունում գլխավոր արժեքն աստվածաստեղծ մարդն է, որի առողջության վերականգնման և պահպանման համար արվում է ամեն ինչ։ Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանապազ օրհնությունը և անձնապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությունն ու խորհուրդները ոչ միայն օրհնություն են և կարևոր մեզ համար, այլ նաև ուժ են տալիս՝ առավել եռանդով և նվիրումով շարունակելու մեզ վստահված առաքելությունը։

Մենք առօրյայում հաճախ ենք շփվում հոգևորականների հետ, լսում նրանց խորհուրդները և օրհնություն ստանում։ Այս ամենը նպաստում են մեր աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Կարծում եմ, ներդաշնակության և խաղաղության համար մարդուն հավատ է անհրաժեշտ, որը մեծ ուժ է տալիս ամենուր։

-Պատասխանատու աշխատանք կատարող յուրաքանչյուր կին գրեթե միշտ ունենում է ժամանակի բաշխման խնդիր. երբևէ Ձեր աշխատանքը խանգարե՞լ է անձնական կյանքին, ընտանիքին։

- Կարծում եմ, չի խանգարել, ավելին՝ աշխատանքիս շնորհիվ ձեռք եմ բերել նոր հմտություններ, բազում ընկերներ և հարազատ մարդիկ, առանց որոնց դժվարանում եմ պատկերացնել հետագա կյանքս։ Ժամանակն իսկապես թանկ է և Աստծո պարգևը, որը պետք է լցնել բովանդակությամբ և ճիշտ օգտագործել։

Մարդն ազատ է ստեղծվել Աստծո կողմից զարմանահրաշ և հետաքրքիր այս աշխարհում՝ արարելու և ստեղծագործելու յուրովի։

«Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատանքից բացի, ես նաև «Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումար» հիմնադրամի գործադիր տնօրենն եմ։

Նախորդ տարի մենք կազմակերպեցինք միջազգային մեծ համագումար, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրենց գործունեությունը ծավալող և հաջողությունների հասած հայ բժիշկներ այցելեցին Հայաստան։

«Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատանքն ինձ նաև մեծ էներգիա ու եռանդ է տալիս այլ գործունեություն ծավալելու համար։

-Ըստ Ձեզ, ի՞նչ է հարկավոր ժամանակակից հայ կնոջը երջանիկ լինելու համար։

-Մարդն ինքն է ստեղծում է այն, ինչ իր համար խաղաղ է ու ներդաշնակ։ Ցանկացած մարդ պետք է կարողանա ներդաշնակ լինել ինքն իր հետ։

-Առաջինը՝ նվիրվածություն և հավատարմություն։ Երկրորդը՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտ, երրորդը՝ նպատակասլացություն և էթիկայի կանոնների տիրապետում։

-Ինչի՞ համար եք կյանքում ամենաշատը շնորհակալ։

-Շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ կյանք են պարգևել։ Շնորհակալ եմ նաև իմ մեծ ուսուցչին՝ պրն. Չարչյանին, ումից ամեն օր նոր բան եմ սովորում։ Նա ինձ ոգեշնչեց ուսում ստանալ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրի շրջանակներում։ Նախկինում չէի պատկերացնում դրա անհրաժեշտությունը, բայց հետագայում սկսեցի գիտակցել։

Այսօր արդեն այդ հմտությունները կիրառում եմ նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի իմ աշխատանքում։ Ի դեպ, տարիներ առաջ պրն. Չարչյանը Հայաստանում առաջին բժիշկն է եղել, ով Եվրոպայում սովորել է առողջապահության կառավարում։

-Իսկ ո՞րն է որպես կին Ձեր ամենամեծ ձեռքբերումը կամ երազանքը։

-Երբ դու ճիշտ տեղում ես և արժևորված որպես մասնագետ։


-Եթե հնարավորություն ունենայիք աշխարհի բոլոր կանանց որևէ կարևոր խորհուրդ/միտք փոխանցել, ապա ի՞նչ կասեիք։

-Շատ կարևոր է, որ ցանկացած կին լիարժեք գնահատի իր հնարավորություններն ուերբեք չթերագնահատի իրեն։ Բայց նաև կարևոր է չգերագնահատի ինքն իրեն և չկորցնի չափի զգացումը։

Մարդ ստեղծվել է երջանիկ լինելու համար։ Ըստ իս՝ կնոջ համար ամենակարևոր առաքելությունը և լիարժեք զգալը պայմանավորված է մայրանալով՝ նոր մարդու ծննդյամբ։ Ուզում եմ, որ բոլոր կանայք լինեն ավելի համերաշխ, նվիրված, խոհեմ, հանդուրժող, բարի և պահպանեն իրենց ներդաշնակությունը։

Ինչպես ասել է հայտնի ԷմերսոնըՊահպանեք Ձեր ինքնությունըերբեք մի նմանակեք։



ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ