ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Մարմնի ջերմաստիճան

12 Օգոստոս, 2020

Մարմնի ջերմաստիճան, բժշկության մեջ, մարդու և կենդանիների օրգանիզմի ջերմային վիճակի ցուցանիշն է, որը տարբեր օրգանների և հյուսվածքների ջերմարտադրության, դրանց ու արտաքին միջավայրի միջև ջերմափոխանակության հարաբերությունների արդյունք է։

Մարդու և տաքարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը պահպանվում է ջերմակարգավորման հատուկ մեխանիզմներով։ Այն տատանվում է 36-39 ցելսուսի սահմաններում։

Մարդկանց մարմնի ջերմաստիճանը մաշկի այն հատվածներում, որոնք բաց են և շփվում են օդի հետ (դեմք, ձեռքեր, ականջներ), ավելի ցածր է։ Օրվա ընթացքում լինում են ջերմաստիճանային ֆիզիոլոգիական տատանումներ․ մարդու համար վաղ առավոտի և երեկոյի միջև տատանումը 0,5-1,0 ցելսուս է։ Ներքին օրգանների, մկանների և մաշկի միջև ջերմաստիճանային տարբերությունը կարող է լինել 5-10 ցելսուս, որը դժվարացնում է միջին ջերմաստիճանի որոշումը՝ ամբողջ օրգանիզմի ջերմային վիճակը պարզելու համար։ Սովորաբար չափում են անութային հատվածի, ուղիղ աղիքի, բերանի խոռոչի, ականջի արտաքին անցուղու ջերմաստիճանը, որոնք միևնույն արժեքն ունի։

Բնականոն պայմաններում մարդու անութային ծալքում ջերմաստիճանը օրվա ընթացքում տատանվում է 36-37 °C սահմաններում։

Սառնարյուն կենդանիների ջերմաստիճանն անկայուն է, քիչ է տարբերվում շրջապատի ջերմաստիճանից։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը (հիպերթերմիա) կամ իջեցումը (հիպոթերմիա) մի քանի աստիճանով, պատճառ է դառնում կենսագործունեության պրոցեսների խանգարման և կարող է հանգեցնել ցրտահարության կամ ջերմահարության, երբեմն՝ նույնիսկ մահվան։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ