ԲԼՈԳ

Մրգերն ու բանջարեղենը բարելավում են քնի որակը․ գիտնականներ

15 Ապրիլ, 2021

Միչիգանի համալսարանի գիտնականները նոր ուսումնասիության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ երիտասարդների սննդակարգում մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն ներառելը բարելավում է նրանց քնի որակը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep Health Journal պարբերականում։

Գիտնականների խոսքով՝ այն երիտասարդները, որոնց սննդակարգում բավարար քանակությամբ միրգ և բանջարեղեն է ներառված, հազվադեպ են գանգատվում քրոնիկ անքնությունից, մինչդեռ սննդամթերքի տվյալ տեսակները բավարար քանակությամբ չստացող մարդկիկ շատ ավելի հաճախ են բախվում քնի հետ կապված խնդիրներին։ Ընդ որում սննդակարգի և քնի որակի միջև կապը հատկապես ակնհայտ է երիտասարդ կանանց մոտ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ եռամսյա կտրվածքով սննդակարգում մրգերի ու բանջարեղենի քանակությունը երեք և ավելի բաժնով ավելացնելու դեպքում կանանց մոտ երկու անգամ բարձրանում է քնի որակի բարելավման ու անքնության հաճախականության նվազման հավանականությունը։ Սննդակարգում այս պարզ փոփոխությունն անելը արմատապես փոխում է քնի որակը։

Այս խնդրի դեմ կարելի է կիրառել նաև որոշակի դեղամիջոցներ, սակայն դրանք հսկայական քանակությամբ կողմնակի բարդություններ են առաջացնում, մինչդեռ մրգերն ու բանջարեղենը որևէ վնասակար կողմնակի ազդեցություն չեն ունենում։ Ավելին՝ դրանց ակտիվ գործածությունը կապված է ոչ միայն քնի որակի բարձրացման, այլև առողջական վիճակի այլ առանցքային ցուցանիշների բարելավման հետ։ Հազարավոր հետազոտություններ ցույց են տվել, որ մրգերի ու բանջարեղենի բավարար գործածությունը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, նպաստում է առողջ քաշի պահպանմանը, դանդաղեցնում է օրգանիզմի կենսաբանական ծերացման գործընթացն ու ամրապնդում է մարդու իմունային համակարգը։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ